Երևի հեծանիվ բացահայտած չեմ լինի, եթե անդրադառնամ սոցիալական ցանցերի դեպրեսիվ ազդեցությանը, բայց այնուամենայնիվ, որոշեցի գրել այս մասին, քանի որ երկար ժամանակ ուսումնասիրել եմ մարդկանց վարքագծային փոփոխություններն ու դրսևորումները մեդիայում՝ ամենատարբեր իրավիճակներում։
Սոցիալական մեդիան այն վայրն է, որտեղ ինչ-որ մի պահի դու քեզ կարող ես զգալ աշխարհի ամենաանհաջող մարդկանցից մեկը, ում առօրյան ու գործունեությունը մեկը մյուսից չտարբերվող ու տխուր օրերի հաջորդական և անվերջ կրկնվող ցիկլ է։ Իհարկե, գրվածը միանշանակ չէ բոլորի համար և բոլոր դեպքերի համար, բայց այն կօգնի հասկանալ ու գտնել, եթե ոչ ձեր, ապա մյուսների մոտ առկա դեպրեսիայի պատճառները։
Ինչո՞ւ են մյուսներն ավելի երջանիկ, քան ես․
- Սովորաբար, սոցիալական մեդիայում, անձնական հարցերին անդրադառնալիս մարդիկ խոսում են դրական բաների մասին, կիսվում են իրենց հաջողություններով ու ձեռքբերումներով՝ մի կողմ թողնելով իրենց կյանքի իրական պատկերները և ամենասովորական մարդու ամենասովորական առօրյայի նկարագրությունները։
- Սոցիալական մեդիայում մարդիկ նախընտրում են կիսվել իրենց արձակուրդային, ճանապարհորդական, աշխատանքային ձեռքբերումների, ընտանի կենդանիների, նոր ընթերցած գրքի, դիտած ֆիլմի, ընկերական հավաքույթի, արշավների, բնապատկերների ու բացահայտումներով լի կյանքի մասին լուսանկարներով և գրառումներով։
- Սոցիալական մեդիայում մարդկանց լուսանկարներն ու գրառումները ձեռք են բերում բազմաթիվ հավանումներ, արդեն նաև «սրտիկներ», մեկնաբանություններ ու տարածումներ, կարծես՝ օնլայն խնջույք է, որին դուք հրավիրված չեք, սակայն կարող եք կողքից դիտողի դերում լինել ու «տառապել»։
- Սոցիալական մեդիայում մարդիկ նշում են (թեգ) իրենց լավագույն ընկերներին, մարտահրավերներ (չելենջ) անում, մրցույթների մասնակցում, մեկը մյուսից լուսանկարներ են հրապարակում, կիսվում՝ զվարճալի պատմություններով։ Մինչդեռ այդ ժամանակ դուք սպասում եք, թե ով է խոսելու ձեր մասին, կամ ինչու որևէ մի օր նույնը տեղի չունեցավ ձեզ հետ։
- Սոցիալական մեդիայում մարդիկ հակված են հետևելու միմյանց ու ստացած ինֆորմացիայի հիման վրա երևակայական կառուցում են ուրիշների առօրյան՝ մտածելով, թե ինչքան երջանիկ կլինեին, եթե իրենք նույնպես վարվեին այդկերպ, կամ թե ինչքան սխալ են վարվում, որ չեն «վայելում» իրենց կյանքն այնպես, ինչպես անում են մյուսները։
- Շատերը դիտում են, թե ով է հավանել և ով սրտիկել ընկերոջ նկարը ու իրենց մոտ բազմաթիվ հարցեր են առաջ գալիս՝ ինչո՞ւ նույն մարդը չի հավանել իմ նկարը, չէ՞ որ մենք նույնչափ ծանոթ ենք և մտերիմ, ինչո՞ւ իմ գրառումները չեն մեկնաբանվում նույն մարդկանց կողմից։
- Մեկի մոտ հարսանիք է, մյուսի մոտ՝ թաղում, մի տեղ խրախճանք, մեկ այլ տեղ՝ սուգ, մի տեղ պատերազմ, մյուսում՝ հավերժ խաղաղություն ու այս ամենը բարձրաձայն գոռում է սոցիալական մեդիայում ու դու ամաչում ես ինքդ քեզանից ու մյուսներից՝ խոսել թե՛ դրականի, թե՛ բացասականի մասին։ Աշխարհի ողջ կոնտրաստը ներառված է սոցիալական մեդիայում իր ամենատարբեր նրբերանգներով։
Շատերը կասեն, որ իրենք չունեն նման մանիա, սոցիալական մեդիայի վրա չեն կառուցում իրենց պատկերացումներն ընկերների կյանքի մասին, հետևողականորեն չեն ուսումնասիրում մյուսներին, բայց պիտի ասեմ, որ մեծամասամբ դա այդպես չէ։ Սոցիալական մեդիան այն վարյրն է, որտեղ մենք մեզ կարող ենք թույլ տալ ավելին՝ իմանալ մյուսների փոխհարաբերությունների մասին ու եզրակացություններ անել։ Սա բնորոշ է ցանկացած մարդու, որովհետև հետաքրքրվելու, բացահայտելու, հարցերի պատասխաններ գտնելու հակումը մարդուն տրված է բնածին ճանապարհով։ Մենք փորձում են գտնել ինքներս մեզ այն հասարակությունում, որտեղ փորձում ենք կայանալ և դրսևորվել։ Այժմ այդ հասարակությունը մեդիայում է, որտեղ թափանցիկությունը ամենաբարձր մակարդակի վրա է և մենք «կարող ենք մտնել յուրաքանչյուրի անձնական սենյակ ու փորփրել դարակները»։
Մի փոքր վատ եղանակ, տրամադրությունն այն չէ, թերթում ենք սոցիալական մեդիան և ահա, ընկճախտը վրա է հասնում։ Մյուսները վայելում են իրենց վիքենդը իսկ ես տանը նստած ոչինչ չեմ անում։
Այո, ինչ խոսք, շատերը ակտիվ հանգստի կողմնակից են և վայելում են իրենց յուրաքանչյուր պահը։ Շատերի մոտ իրապես հաճելի պահերն ավելի շատ են, քան մյուսների։ Սակայն, անկախ այդ ամենից, սոցիալական միջավայրը որտեղ մենք ապրում և գործում ենք, շարժվում է որոշակի խաղի կանոններով, որի շուրջ համաձայնել ու համակեցություն ենք ձևավորել մենք։ Հետևաբար, մեր կյանքի ու գործունեության ձևն այն միջավայրում, որտեղ մենք ապրում ենք, մեծամասամբ չի կարող տարբերվել մյուսներինից։
Որոշ երկրներում կան երջանկության նախարարություններ կամ նախարարությունների ենթակայությամբ գործող երջանկության դեպարտամենտներ, որոնք ուղղված են մեծահասակների, մասնավորապես միայնակ բնակվող մեծահասակների կյանքի որակի բարելավմանը, դեռահասների շրջանում ընկճախտի ու դեպրեսիայի հաղթահարմանը։ Շատերս գիտենք, որ աշխարհում կան բազմաթիվ երկրներ ու քաղաքներ, որոնք համարվում են դեպրեսիվ։ Բայց այդ դեպրեսիվությունը կարող է պայմանավորված լինել ոչ միայն տարածաշրջանով, այլև ժամանակով։ Գալիս են պահեր, որոնք իրապես դեպրեսիվ են տվյալ հասարակության համար, ժամանակ առ ժամանակ դեպրեսիան նույնիսկ ժամանակակից է։ Դեպրեսիայի և ընկճախտի բացահայտ դրսևորումներով մարդիկ «ահազանգում են» ձեր կարեկցանքի, ապրումակցման և աջակցության համար, ձեր ուշադրության կենտրոնում հայտնվելու և սիրված ու նշանակալի լինելու համար։
Օրվա ընթացքում ստացած տեղեկատվության հոսքը փորձեք վերլուծել և առավել հորիզոնական դիրքում պատկերավորել, հակառակ դեպքում ձեզ կթվա, որ դուք քնած եք, քանի դեռ աշխարհն ապրում է։ Մինչդեռ աշխարհն անկախ մեր դեպրեսիայի առկայությունից կամ բացակայությունից և մեր ապրելու ոճից, շարունակում է գոյություն ունենալ այնպիսին, ինչպիսին կա։ Ուրեմն եկեք մտածենք․ եթե դրանից մեծամասամբ բան չի փոխվելու, իմաստ կա՞ լինել խնջույքի դիտարկող, եթե կարելի է լինել դրա ակտիվ մասնակից։
Հոդվածի հեղինակ՝Ալեքսանդր Մարտիրոսյան