Բարոյականությունը սեռականացված. ավելի վտանգավոր և հարատև, քան համաճարակը
Եվ երբ ձեզ հարցնեն ձեր կարծիքը, մի լավ մտածեք՝ այն արդյո՞ք ձերն է.

Բարոյականության մասին մարդկանց պատկերացումները սեռականացված են: Երբ ասում ես՝ անբարոյական, առաջինը որ աշակերտի, ուսանողի, հասրակ աշխատողի կամ գործազուրկի մտքով անցնում է մի բան է: Երկրորդական, երրորդական, չորրորդական իմաստներում է այն հանգում հակամարդկային և հակաէթիկական արժեքներին, ասենք՝ գողությանը, ստախոսությանը, ցավ պատճառելուն, ոչնչացնելուն և այլն:

Այս կապակցությամբ պիտի ասեմ, որ «Բարոյականություն»-ը իրավական կատեգորիա չէ: Ըստ այդմ, այն չունի սահմանում, և հետևաբար, ենթակա չէ օբյեկտիվ քննության. կա՞, թե՞ չկա, առկա՞ է, թե՞ ոչ, լա՞վ է, թե՞ վատ: Ու այդ նույն տրամաբանությամբ այն չի ենթադրում նաև հետևանքներ և պատիժ: Սրանից ելնելով չի կարելի լուրջ ուշադրության արժանացնել ցանկացած մտքի, որը պատաճառաբնության, հետևանքի նկարագրության և պատճառահետևանքային կապի հիմքում դիտարկում է բարոյականությունը՝ որպես արժեք, դրա բացակայությունը՝ արժեքի խարխլում և բոլոր տեսակ հիվանդությունների հարուցիչ: Այն մարդը, որը կկարողանա սահմանել երևույթը, կիրակել այն, տալ իրավական ձևակերպում և գնահատման, ստուգման մեխանիզմներ, կհեղափոխի աշխարհը: Այդպիսիք դեռ չկան, համենայնդեպս, իմ տիրապետած ինֆորմացիայի շրջանակներում:

Վերադառնալով բարոյականության նկատմամբ մարդկանց սեռական պատկերացումներին, պիտի ասեմ, որ և՛ փիլիսոփայությունը որպես բոլոր գիտությունների նախահայր կամ մայր, ինչպես կուզեք, և՛ հոգեբանությունը, թեկուզ՝ որպես ոչ ճշգրիտ գիտություն, վաղուց ապացուցել են, որ մարդը հանդիմանում և պայքարում է իր մտքում պրոյեկտավորած մոտեցումների դեմ, որոնք վախ են հարուցում իր մոտ, որոնց նկատմամբ ինքը թույլ է, չունի դիմադրողականություն, և ըստ այդմ, դրանց կրողն է ու կյանքի կոչողը: Ի դեպ, սա նաև իմ ներքին համոզմունքն է: Ի դեպ, սա ընկած է նաև շատ ուսմունքների և կրոնների հիմքում, որոնք ասում են՝ «դու այն ես, ինչ մտածում ես», «առաջինը միտքն է», «խոսքն է պայմանավորում միջավայրդ» և շատ ու շատ այլ բաներ:

Հանրային հնչեղություն ստացած հարցերի շուրջ սոցիալական մեդիայի միջոցով տարածվող կարծիքները, որոնք, երբեմն կարող են պայթեցնել մեր ուղեղները, ավելի շուտ հայտարարություն են առ օգնության կանչի, քան կարծիքի արտահայտում և մտածված դիրքորոշում: Կարեկցանքի և ապրումակցման բացակայությունը մարդու մոտ, մարդուն մոտեցնում է ռոբոտի: Անկախ իրավիճակի բարդությունից և ստեղծված պայմաններից, եթե մարդը չի կարողանում սթափ դատողությամբ դիտարկել իրավիճակը և իրավիճակի էպիկենտրոնում պատկերացնել իրեն և իր գործողություններն այդ պարագայում, և եթե նա չի կարող այս վարժանքն անել՝ հրաժարվելով հանրային ճնշման ներքո սերտած վարքագծից, ապա զուր են բոլոր տեսակ գործողությունները: Եվ այս դեպքում, մենք պիտի կարեկցենք և ապրումակցենք հենց իրենց՝ ովքեր զուրկ են այդ կարողությունից:

Մեր օրերում, մարդիկ մտածելու կարիք ունեն, մտածելու ձևը էներգատար է և հոգնեցնող իսկ սոցիալական մեդիան մեր փոխարեն լիքը մտքեր է վերարատադրում այլ մարդուկների գրառումների տեսքով, ինչպես օրինակ, հենց այս գրառումը: Ապա ինչո՞ւ տնաջվել, ծախսել էներգիա մտածելու վրա, եթե կարելի է միտքը քաղել ամենուրից: Մարդկանց պետք է մտածելու հնարավորություն տալ, տեղ տալ, ժամանակ տալ, բայց ոչ ոք դրան պատրաստ չէ: Միտքը իսկույն ծագում է և վերջ, այն արդեն սոցիալական էջերում իր տեղն ունի, այն արդեն մարդկանց գլխներում է ու մի քանի օրից կմուտացվի՝ կդառանա վարք, վարքը՝ գործողությունն, գործողությունն էլ կզարմացնի բոլորին՝ թե ինչպես եղավ, որ այսպես ստացվեց:

Ահա, թե ինչպես եղավ.
Ես խորապես համոզված եմ, որ մարդիկ «վատը» կամ «լավը» չեն լինում: Նրանց այդպիսին դարձնում են իրենց կողմից կայացված որոշումները և իրենց ընտրությունը: Եթե դիտարկենք մեր ազգային առանձնահատկությունները, ապա պիտի անպայմանորեն շեշտենք անհատի բացակայությունը՝ որպես ինքնուրույն որոշումների ամբողջականություն: Մեզ մոտ առավել ընդունված է կոլեկտիվ և համահարևանային որոշումներ կայացնելը՝ արտահերթ ընտանեկան նիստերի ընթացքում (սա ուղղակիորեն չի վերաբերվում «ընտանիք» միավորին): Դրանք ոչ այլ բան են, քան անձի մեջ անհատի ոչնչացում և սեփական արժեքների հիմնաքարի վրա կառուցվող հերթական «ես»-ի արտացոլանք: Իսկ մեզ մոտ՝ հանրային լայն շրջանակների ընկալումներում, արդեն ասացի, թե ինչպես է դիտարկվում բարոյականությունը՝ որպես երևույթ: Եվ ես չեմ խորանում դրա պատճառների մեջ, չեմ թվարկում այն 1000 հանգամանքները, որոնք նպաստել են դրան: Բայց, գոնե ինձ համար ես գիտեմ, որ դրա հաղթահարումը՝ սեփական արժեքների հիմքի վրա, որը որևէ կերպ չի խաթարում մարդկային խաղաղ համակեցությունը և համընդհանուր համերաշխությունը, ինքդ քեզ ճանաչելու, բացահայտելու և մտածելու կարողության կառուցումն ու զարգացումն է: Այդ գործընթացը ինքնակազմակերպման գործընթաց է, և ցանկացած միջամտություն այդ պրոցեսին հանգում է «эффект бабочки» երևույթին: Տարեցտարի, երկրաչափական պրոգրեսիայով զարգանալու ու խորանալու է անձի մոտ ինքն իրեն չճանաչելու և հանրային կարծիքի ճնշմանը ենթարկվելու, դիմադրողականությունից և սեփական գործարանում բովանդակություն ստեղծելու կարողությունից զուրկ վիրուսը, որը թերևս, ավելի վտանգավոր է մարդկության պատմության համար, քան նոր սերունդի կորոնավիրուսը:

Հոդվածի հեղինակ՝
Ալեքսանդր Մարտիրոսյան
Իմ բլոգին բաժանորդագրվելու համար մուտքագրեք ձեր էլեկտրոնային փոստը։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website