Մեդիա և մանիպուլյացիա
Մանիպուլյատիվ հնարքների «զինանոցից»
Մեդիա դաշտում կիրառվող մանիպուլյատիվ հնարքների առատությունը դժվարեցնում է չափանիշների մշակումը (մանավանդ երբ հարկ է հաշվի առնել տերմինների ընդհանրացումը կամ ունիվերսալությունը), սակայն դրանց մասին տեղյակ լինելը ինֆորմացիայի գրագետ սպառող լինել է նշանակում:
ԶԼՄ- ները գործ ունեն տեղեկատվության հետ, հետեւաբար հենց տեղեկատվության վերահսկողությունն է թույլ տալիս նրանց մանիպուլյացիայի ենթարկել զանգվածային գիտակցությունը:
Տեղեկատվությունը կարելի է.
- խեղաթյուրել ոչ լիարժեք, միակողմանի մատուցմամբ
- հնարված ինֆորմացիան ներկայացնել որպես իրական
- խմբագրել՝ ավելացնելով սեփական ենթադրություններն ու մեկնաբանությունները
- ներկայացնել այն մանիպուլյատորի շահերից ելնելով
- պարզապես թաքցնել
ԶԼՄ- ները կարող են նաեւ
— փաստերը ներկայացնել կամայական ընտրությամբ
- նյութը ներկայացնել բովանդակությանը չհամապատասխանող գլխագրերով
- հրապարակել հավաստի տեղեկությունն այն ժամանակ, երբ այն կորցրել է արդիականությունը
- ներկայացնել ոչ ճշգրիտ մեջբերումը՝ հանելով այն կոնտեքստից ու փոխելով բովադակային շեշտերը
Հեռուստադիտողի կողմից ինֆորմացիայի ոչ քննադատական ընկալումն ու մատուցված փաստերը տրամաբանական վերլուծության չենթարկելը ստեղծում է այն պարարտ հողը, որտեղ կարելի է մանիպուլյատիվ տեխնոլոգիաներ կիրառելով՝ ներազդել մարդու կարծիքի վրա: Ընդհանրացնելով եղած փորձառությունը՝ կարելի է նշել հետեւալ հիմնական մանիպուլյատիվ հնարքները.
կարծրատիպերի կիրառումը ենթադրում է, որ հանրության կողմից որեւէ սոցիալական օբյեկտ ընկալվում է սխեմատիկ, պարզունակ կերպով: Նման պատկերացումն ամպրապնդվում է մարդու գիտակցության մեջ եւ դժվարությամբ է ենթարկվում փոփոխմանը
պիտակավորումը քաղաքական լեքսիկոնի գործիք է, որը հիմնականում օգտագործվում է բացասական ակնարկ անելու համար
տեղեկատվության կրկնությունը կիրառվում է այն դեպքերում, երբ զանգվածային լսարանին պետք է անընդհատ հիշեցնել որեւէ խնդրի մասին: Ընդունված է համարել, որ եթե ԶԼՄ- ները չեն անդրադառնում որեւէ խնդրին, այն դադարում է գոյություն ունենալ: Եվ հակառակը: Այս հնարքը հաճախակի պրակտիկա է լուրերի թողարկումներում:
կիսաճշմարտությունը կայանում է աննշան դետալների օբյեկտիվ ու մանրամասն լուսաբանման ու միաժամանակ կարեւոր փաստերի քողարկման մեջ: Դա այն հնարքն է, որի շնորհիվ ԶԼՄ- ները կարող են ապահովել լսարանի վստահությունը, քանի որ տարբեր ծավալի հավաստի դետալների հանդիպելով՝ հեռուստադիտողը սկսում է վստահել ողջ ինֆորմացիայի ճշմարտացիությանը:
հռետորական հարցադրումներն ու անապացուցելի հայտարարությունները օգտագործվում են այն դեպքում, երբ ԶԼՄ-ն ներկայանում է որպես «ասեկոսեների պաշտոնական վերարտադրիչ»: Այդ դեպքերում լսարանի մեջ «նետվում» է պարզ մի գաղափար կամ հարց, որի հետագա զարգացումը ընթանալու է մանիպուլյատորի համար ցանկալի ուղղությամբ:
հասարակական հարցումների մանիպուլյացիան կամ «լռեցման պարույրը ամենատարածված հնարքներից է, որի հիմքում շինծու սոցհարցումներն են: Հղում անելով մանիպուլյատորի կողմից պատվիրված սոցհարցումներին՝ ԶԼՄ- ները հասարակության մեծամասնության վիրտուալ մոդել են ստեղծում: Հաշվի առնելով զանգվածային հոգեբանության մեխանիզմները՝ այլ կարծիք ունեցող մարդիկ սկսում են խուսափել սեփական դիրքորոշումը կամ կարծիքը բարձրաձայնելուց ու մեկուսանում են: Այդպես սկսում է աշխատել «լռեցման պարույրը»:
անանուն հեղինակությանը անդրադարձ է լինում այն դեպքերում, երբ հարկավոր է ոչ հավաստի կամ կիսաճշմարտացի ինֆորմացիային կշիռ հաղորդել: Անանուն հեղինակություն կարող է լինել քաղաքական գործիչը, գիտնականը, եկեղեցական սպասավորը եւ այլն:
ներկայության էֆեկտը ապահովվում է իրականության իմիտացիան անող տարատեսակ հնարքներով՝ կադրի ճոճքով, շրջապատի աղմուկով, գոռգոռոցներով եւ կրակոցներով: Քրոնիկային հատուկ այդ հնարքները էմոցիոնալ մեծ ներգորոծություն են ունենում ու թույլ տալիս «թեժ» ռեպորտաժի պատրանք ստեղծել:
առաջինը լինելու էֆեկտը սովորաբար հիմնված է լրատվամիջոցի օպերատիվ աշխատելու պահանջի վրա, սակայն կարող է նաեւ մանիպուլյացիոն հնարք դառնալ: Հակասական ու ստուգմանը չենթարկվող ինֆորմացիան յուրացնելը բարդ է, քանի որ լսարանը հնարավորություն չի ունենում (անգամ ֆիզիկապես) իմաստավորել այն: Մանիպուլյատիվ օպերատիվությունը դրդում է արագորեն թողարկել լուրը ու անմիջապես փոխարինել այն մեկ այլ՝ առաջինի հետ ոչ մի կապ չունեցող ինֆորմացիայով: Այդպիսով հպանցիկ ու ֆրագմենտար անդրադարձ է ստեղծվում:
փաստի վավերացումը ցանկալին որպես փաստ ներկայացնելու հնարքն է, որը հիմնված է §Առանց կրակի ծուխ չի լինում¦ ժողովրդական ասացվածքի վրա:
ուշադրության շեղումը հասարակական կյանքում առկա հոգեբանական դիմադրության հաղթահարման կարեւորագույն մեթոդներից է: Ապացուցված է, որ հեռուստատաէկրանին ու մամուլում տեղ գտնող մանիպուլյացիոն հնարքները առավել արդյունավետ են այն դեպքերում, երբ կիրառվում է նյութերի «խճանկարային», դրվագային մատուցումը, կամ էլ կարեւոր ինֆորմացիան «ջրիկացնելու» (ասեկոսեներով, սենսացիաներով ու գովազդով ընդմիջելու) պրակտիկան: Հեռուստատեսությունը սկսել է նորովի կոմպլեկտավորել վիդեոշարը՝ նախընտրելով հանդիսատեսի ուշադրությունը շեղող կերպարները, արագությունը, սենսացիոն ու մուլտիպլիկացիոն մատուցումը:
դեպքի «ականատեսները օգտագործվում են այն դեպքերում, երբ պետք է պատահական մարդկանց հարցումները մոնտաժելով՝ անհրաժեշտ իմաստային բովանդակություն ստանալ:
կոնտրաստի սկզբունքը կիրառվում է այն ժամանակ, երբ ուղիղ մեղադրանքների մարտավարությունը չափազանց ռիսկային է: Այդ դեպքերում ընդդիմադիր ուժերի մասին ինֆորմացիան խիստ նեգատիվ է ներկայացվում, իսկ «յուրային» քաղաքական ուժերինը՝ առավելագույնս պոզիտիվ: Օրինակ, ընդդիմադիր ճամբարի պառակտումները ներկայացվում են գործող իշխանության համերաշխության ու իրական մտահոգության ֆոնին:
հոգեբանական շոկը սկիզբ առնում է աղետների, պատերազմների, տեխնածին արհավիրքների, մի խոսքով՝ մահաբեր լուրերի տարափից: Եթերից ստացվող բնական հոգեբանական շոկը քայքայում է լսարանի հոգեբանական պաշտպանվածությունն ու թույլ տալիս նրա գիտակցության մեջ անարգելք ներդնել ցանկացած անհրաժեշտ մանիպոիլյատիվ սխեմաները:
ինֆորմացիոն շրջափակումը տաբու դարձած թեմաներն ու իրադարձությունների մեկնաբանման վերհսկվող ֆորմատն են:
վերջին խոսքը ակնկալվող եզրակացության պարտադրանքն է: Այն հաճախ է օգտագործվում հատկապես բանավիճային կամ կոնֆլիկտային իրադրություններում, երբ լրագրողն իր ռեպորտաժը կառուցում է երկու կողմերի կարծիքների ներկայացմամբ, սակայն այն ավարտվում է բանավիճողներից մեկի տեսակետով կամ նրա ուղիղ խոսքով:
Մանիպուլյատիվ հնարքներ կան, որոնք կարելի է անվանել «գովաբանում» եւ «նսեմացում»: Կիրառելով այդ հնարքները՝ լրագրողը կարող է իդեալականացնել այս կամ անձը, խումբը կամ գործընթացը, եւ հակառակը՝ դատապարտել որեւէ անձի, խմբի կամ գործընթացի բարոյական հատկանիշներն ու նպատակները:
հումորը, սարկազմը, հեգնանքը, երգիծանքը օգտագործվում են որեւէ տեսակետ, գաղափար, գործընթաց ոչ ռացիոնալ, ծիծաղելի ու անհեթեթ ներկայացնելու համար:
փաստարկը նույնպես կարող է մանիպուլյացիոն հնարք լինել, եթե լրագրողը որեւէ բանավեճում ներկայացնում է մի կողմի տեսակետը, մինչդեռ՝ իրականում երկրորդ կողմի «գաղտնի ձայնն» է:
կեղծ նեյտրալիտետը լրագրության այն տեսակն է, որը լրագրողին ներկայացնում է չեզոք դիրքում, մինչդեռ նա հստակ նախապատվություններ ունի: Այս հնարքը հաճախ կառուցվում է կեղծ կոմպլիմենտների (շռայլորեն հաճոյախոսություններ են տարածվում, հետո՝ բացառվում), կամ կեղծ քննադատության (աննշան դիտողություն է արվում, հետո գովաբանվում, ինչի արդյունքում քննադատությունը ի չիք է դառնում) վրա: Օգտագործվում է նաեւ «կիսաբանավեճի» ֆորմատը (լրագրողը դեբատներ է հայտարարում, սակայն կողմերից մեկին փաստարկներ ներկայացնելու հնարավորություն չի տալիս): Նման թաքնված ոչ օբյեկտիվ մոտեցման հնարքներից է նաեւ խեղաթյուրումը (ոչ ճշգրիտ մեջբերումներ են արվում կամ աղավաղվում է խնդիրը):
խմբագրումը կիրառվում է այն դեպքերում, երբ պետք է առավել սրել կամ ուռճացնել նյութը կամ էլ՝ քողարկել եւ թաքցնել: Դա նման է «թունավոր» ու «մեղրահամ» բուտերբրոդների կառուցմանը, երբ դառը միջուկը տեղադրվում է քաղցր շերտերի արանքում եւ աննկատ է մնում ուտողի համար: Կամ էլ ընդհակառակը՝ «քաղցր» դիպվածը տեղադրվում է բացասական շեշտադրում ունեցող մեկնակետի ու վերջնակետի արանքում, ինչի արդյունքում ՝ աննկատ անցնում - «մարսվում» է:
Մանիպուլիացիայի ինդիկատորները
Լուրերի թողարկումների քաոտիկ բնույթը իրականում թվացյալ է: Լուրերի ընտրությունը գիտակցված ու նպատակաուղղված է կատարվում: Հաճախ լուրերի «կոտորակումը»՝ ֆրագմենտար դարձնելու պրակտիկան օգտագործվում է կարեւոր հասարակական խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու համար: Նաեւ՝ զանգվածային գիտակցության մեջ որոշակի ինֆորմացիա ներդնելու նպատակով: Աուդիովիզուալ նման ներգործությունը հիմնվում է հեռուստատեսային լուրերը սահուն կերպով, առանց լարվելու (իմիջիայլոց) ընկալելու վրա: Ինֆորմացիայի մատուցման բարձր տեմպը թույլ չի տալիս հանդիսատեսին ուշադրություն դարձնել այս կամ դեպքի կամ գործընթացի կարեւոր դրույթների ու դրանց վերլուծության վրա: Մշտապես թարմացվող լրահոսը ու հրատապության զգացումի խտացումը ինֆորմացիան զրկում են որեւէ կայուն կառուցվածքից: Դիտողի մոտ ինֆորմացիան հասկանալու, իմաստովորելու ժամանակ չկա, քանի որ լուրերի նոր հոսքերը դուրս են մղում նախորդները: Գերօպերատիվության թերությունը նրանում է, որ ինֆորմացիայի փոխանցման փաստը ավելի է կարեւորվում, քան դրա բովանդակությունն ու հասարական հետեւանքները: Հրատապությունը «տեղեկացված» լինելու պատրանք է ստեղծում, թեեւ հաճախ հիմնվում է ոչ հավաստի ու կասկածելի աղբյուրների վրա:
Զանգվածային տեղեկատվության մասնագետ Հերբերտ Շիլլերը գրել է. «Ուսումնասիրելով սովորական հեռուստատեսային, ռադիո հաղորդման կամ խոշոր օրաթերթրի կառուցվածքը, կնկատենք, որ ինֆորմացիան մատուցվում է ցանկացած տեսակի փոխկապակցավծության ժխտումով: Տարաբնույթ նյութերը լուսաբանվում են անջատ իրարից: Իսկ երբ միտումնավոր հաշվի չի առնվում սոցիալական երեւույթների ու դեպքերի ամբողջական բնույթը, իսկ իրականության պատառները ներկայացվում են որպես «հավաստի» ինֆորմացիա, ապա այդ մոտեցման արդյունքը միշտ նույնը է լինում. չհասկացվածություն, անտեղյակություն, ապատիա եւ որպես կանոն՝ անտարբերություն: Այս իրավիճակում հանդիսատեսի մոտ արգելակում է լուրերի դասակարգման ու իմաստավորման ունակությունը: Ուղեղը վերածվում է փլավքամիչի, որտեղ ամեն ժամ նոր ինֆորմացիա է լցվում (երբեմն հույժ կարեիոր, բայց հիմնականում՝ դատարկ»:
Շարքային հեռուստադիտողի համար «ինդիկատորների» տարրական շարք գոյություն ունի, որը փաստում է այս կամ այն հաղորդման մեջ մանիպուլյատիվ տեխնոլոգիաների կիրառման մասին: Այդպիսի «ինդիկատորներ» են.
լեզուն (հանդիսատեսի մեծ մասին համար անհասկանալի տերմիններով նյութ պատրաատելը վկայում է մանիպուլյատիվ սխեմայի օգտագործման մասին, քանի որ լրագրողը հանդիսատեսի կողմից ընկալվելու նպատակ չի ունեցել ու չի կառուցել իր նյութը ենթադրվող երկխոսության ձեւով)
էմոցիաները (ինֆորմացիոն կամ հասարակա-քաղաքական հաղորդումներում հայտնվող հուզառատ ենթատեքստը գրեթե միշտ քողարկում է իրական իրավիճակն ու ներկայացնում որեւէ խմբի շահերը)
կրկնությունը (անբարեխիղճ պրոպագանդայի կարեւոր գործիք է, որը օգտագործելով սկսում են անվերջ քննարկել որեւէ թեմա՝ հիմնականում կիրառելով բառերի նույն կոմբինացիան)
կոնտեքստից հանելը (այս կամ այն խնդիրը հանելով կոնտեքստից՝ մանիպուլյատորը դիտողի կարծիքը ուղղում է իրեն անհրաժեշտ հունի մեջ ու միտումնավոր դրդում համաձայնել նախօրոք մշակված եզրահանգման հետ)
ինֆորմացիայի աղբյուրի տոտալ բնույթը (ինֆորմացիայի ալտերնատիվ աղբյուրների ու ընդդիմադիր ԶԼՄ- ների՝ հատկապես հեռուստատեսության, բացակայությունը, ինչպես նաեւ ալտերնատիվ կարծիքների շրջափակումը վկայում է զանգվածային գիտակցության մանիպուլյացիայի մասին)
ինֆորմացիայի ու գնահատականի միաձուլումը (մանիպուլյատիվ կոպիտ հնարք է, որի կիրառումը արգելված է Եվրամիության կանոնադրությամբ, քանի որ խանգարում է դիտողին յուրացնել փաստերն ու միաժամանակ պաշտպանվել պարտադրվող գնահատականներից)
հեղինակության ետեւում թաքնվելը (որեւէ քաղաքական կամ գաղափարական ենթադրություն ներկայացվում է որպես կոնկրետ անձի կողմից աջակցություն ստացած փաստ, մինչդեռ այդ անձը ոչ մի կապ չունի այն ոլորտի հետ, որին վերաբերում է ենթադրությունը)
անհամապատասխանությունը (քաղաքական գործիչների ու հեռուստախոսնակների ասելիքի մեջ առկա տարաձայնությունները պասիվ հանդիսատեսը ընկալում է ոչ թե գիտակցաբար, այլ՝ բնազդաբար )
Վերը նշված «ինդիկատորների» հայտնաբերումը կարող է օգնել շարքային հեռուստադիտողին պահպանել ինքնուրույն մտածելու ունակությունն ու դիմակայել ԶԼՄ- ների մանիպուլյատիվ ճնշմանը:
Մանիպուլյատիվ չափանիշների բնութագրումը մշակվել է եվրոպական ամենախոշոր հարթակի՝ ուկրաինական Տելեկրիտիկա ամսագրի կողմից: