Այս փոքրիկ տեսությունս մարդկանց, հարաբերությունների, երևույթների մասին է, որոնք այս կամ այն կերպ ազդում են մեր կյանքի որակի վրա։ Վերջին շրջանում Հայաստանում ներքին և արտաքին քաղաքականությունը նոր թափ է ստացել, հաշվի առնելով նաև 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունը, այն էլ ավելի է սրել քաղաքական պայքարը կուսակցությունների, անձերի և մարդկանց խմբերի միջև։ Զուգահեռ քաղաքական այդ աժոտաժին խորանում են նաև սթրեսները և դեպրեսիաները, որոնք առավել վառ արտահայտվում են սոցիալական ցանցերում իսկ ավելի կոնկրետ՝ Հայաստանի ապարագայում ֆեյսբուքում։ Իսկ ի՞նճչ քաղաքական պայքար առանց ֆեյքերի, ֆեյք լայկերի, մեկնաբանությունների, փոխադարձ վիրավորանքների, ատելության խոսքի, զրպարտության, քարոզչության և հակաքարոզչության։ Սովորաբար, նման գործընթացները զուգակցվում են մարդկային էմոցիաներով և ահա՝ հիբրիդային փոքրիկ պատերազմիկներ այստեղ, այնտեղ և ամենուր։ Մտնում ես ֆեյսբուք, թերթում ես նորությունների ժապավենն ու աշխարհի բացասական էներգիան կլանած անցնում ես աշխատանքային օրվա սկզբին, հետո ընդմիջմանն ես ֆեյսբուք թերթում ու էլի վերադառնում աշխատանքի, հետո գործից տուն գնալիս թերթում ես ֆեյսբուքն ու նույն բացասական էներգիաները թարմացնելով հասնում տուն։ Մի հատ հաց ուտելուց առաջ, մի հատ ֆիլմ նայելիս, մի հատ քնելուց առաջ, մի հատ արթնանալուց հետո և այսպես ողջ օրվա ընթացքում։ Օրական մենք պարբերաբար կլանում ենք քաղաքական տեղեկություններ, գովազդներ, սև գովազդներ, մարդկային հարաբերությունների ամենաբազմաժանր ու բազմասցենար մոտեցումներ ոչ միայն ֆեյսբուքից, այլև հեռուստացույցից ու տեղեկատվություն փոխանցող ու ներկայացնող ցանկացած աղբյուրից։ Եվ ի՞նչ, մենք դառնում ենք այդ քաղաքականությունների մի մասը, մենք ինքներս մեզ ընկալում ենք տեղի ունեցող իրադարձությունների մասնակից ու անբաժանելի կողմ։ Իսկ ի՞նչ է կատարվում իրականում․
Իրականում մենք օրը 24 ժամ պայքարում ենք տրոլինգի ու ֆեյքերի դեմ, իսկ եթե ավելի կոնկրետ, ապա չենք էլ պայքարում, այլ կլանում ենք ֆեյքեր, ֆեյքեր ու ֆեյքեր, նույնիսկ ճշմարտություններն են ֆեյքեր, երբ համադրում ես ականատեսի աչքերով։ Ծաղրը, հեգնանքը, սարկազմը և նմանօրինակ շատ այլ դրսևորումները կազմալուծում են մարդկային հարաբերությունների ամենբազային հատկանիշները՝ էթիկան, հարգանքը, խոսքի ազատությունը, առհասարակ՝ մարդու ազատ կամարտահայտումը։ Բայց գիտե՞ք ինչն է հետաքրքիր։ Ծաղրը, հեգնանքն ու վիրավորանքը սոցիալական ցանցերում չունի որևէ արժեք, քանի դեռ այն չի ենթարկվել որևէ մեկի ուշադրությանը։ Նման արարքները արժևորովում են մարդկանց ուշադրությամբ և քննարկման առարկա դառնալով։ Բոլորովին չկարծեք, որ ես մտածում եմ, որ պետք չէ քննադատել վատ արարքներն ու դատապարտել մարդատյաց մոտեցումները։ Ես շեշտադրում եմ դրանց արժեքավորման հարցը։ Օրինակ՝ պատկերացնենք մի իրավիճակ, երբ որևէ մեկն իր ընկերոջ նկատմամբ անարդար է վարվում սոցիալական ցանցերում ու շատ վատ է դրսևորում իրեն։ Այն վերածվում է վեճի, որն արտացոլվում է ֆեյսբուքյան մեկնաբանությունների տեսքով և այդքանով ավարտվում է։ Որքանո՞վ է այն որպես արժեքահեն բանավեճ մտնում հանրային դիսկուրսի մեջ, որքանո՞վ է հանրությունը կարևորում երկու ընկերների միջև վեճը, քանի դեռ այդ մասին չեն բարձրաձայնում ԶԼՄ-ները, հանրային դեմքերը և ֆեսյբուքյան ստատուսագիրները։ Այս օրինակը որևէ կերպ կապ չուներ ֆեյքերի հետ։ Պատկերացրեք նույն օրինակը ֆեյքերի պարագայում, որը սովորաբար համեմատելի է «մարտեր առանց կանոնների»-ի հետ։ Այստեղ չկան հարաբերություններ, այստեղ կա բոցաշունչ մարտ հանուն հաղթական դիրքի և առավել մեծ լսարանի համակրանքի վայելման։
Այս երկու օրինակների միջև կա մի մեծ տարբերություն՝ գոյություն ունենալու կենակցության անհնարինությունը, կենսապայմանը, ապրելու ձևը։ Երկու ընկերների միջև տեղի ունեցած վեճը և դրա շուրջ հանրային դիսկուրսը օրգանական է։ Այն իրական է, բխում է կարիքից, արտացոլում է կյանքն ու կյանքի խնդիրները։ Այն օրհասական է ու ժամանակակից։ Այն համահունչ է իրավիճակի հետ, եթե նույնիսկ վեճի աղբյուրը կեղծ է։ Մինչդեռ ֆեյքերի պարագայում ֆեյքի կյանքի տևողությունն ուղիղ այնքան է, որքան խոսում ու քննարկում են այդ մասին։ Հենց մարում են կրքերը, դադարում են գոյություն ունենալ ֆեյքերը։ Հենց դադարում են ֆեյքերի քլիքները, հավանումներն ու մեկնաբանությունները, նույնժամ դադարում են ֆեյքերի գոյության նախապայմանները։ Ֆեյքերի կենսարար ուժը մարդու միտքն է։ Եթե մենք կենտրոնանում ենք իրենց վրա, ապա իրենք սկսում են գոյություն ունենալ, եթե մենք անտարբեր ենք իրենց նկատմամբ, ապա իրենք մեռնում են։
Օբյեկտիվ իրողությունների՝ առարկաների դեպքում էլ է այս օրինակն առավել քան ակնհայտ։ Լուսինը՝ իբրև ճշմարտություն և օբյեկտիվ գոյություն ունեցող առարկա չի դադարում գոյություն ունենալ, եթե նույնիսկ մենք չնկատենք իրեն, չխոսենք իր մասին, բայց ֆեյքերը՝ կեղծ առարկաները, հակառակը՝ սկսում են գոյություն ունենալ հենց սկսում ենք մտածել իրենց մասին և քննարկել իրենց, կարծես՝ հեքիաթը, առասպելը, լեգենդը, երազի նման մի բան որ չկա ու կա միաժամանակ՝ կախված մտքից։
Ֆեյքերի հաղթահարման լավագույն մեթոդը համարվում է նրանց բացահայտումը, բայց իրականում բացահայտման անհրաժեշտություն չի առաջանա, եթե մենք չներարկենք իրենց կենսարար հեղուկը՝ իրենց մասին մեր մտքերը։
Հոդվածի հեղինակ՝
Ալեքսանդր Մարտիրոսյան Լուսանկարի հղումն՝
այստեղ։