Չարքաշ հանդուրժողականություն
Շատ չեմ ապրել դեռ, բայց այս կյանքից սովորել եմ շատ կարևոր մի բան. մարդիկ տարբեր են, մարդիկ շատ տարբեր են, մարդիկ ֆանտաստիկ տարբեր են, չնայած որ կերպարանքը գրեթե նույնն է՝ երկու զույգ վերջույթներ, գլուխ, մեջը կիլո ու կես ուղեղ, որի ձախ կիսագունդը կառավարում է մարմնի աջ հատվածը իսկ աջ կիսագունդը՝ ձախը:

Իսկ հիմա, ինչպես միշտ ուզում եմ հեռվից գալ, ինչքան հեռվից գամ այնքան ամբողջական կլինի պատկերը: Մարդկանց տարբերությունը պայմանավորված է բազում հատկանիշներով և հանգամանքներով և այդ գործընթացում իրենց դերակատարումն ունեն բազում հանգամանքներ, օրինակ՝ տարածաշրջանը, մշակույթը, եղանակը, լոկալ հերոսները, գրողները, արվեստագետները, երգիչները, դպրոցները, պետական կառավարման համակարգը, շրջապատը, օդի աղտոտվածությունը (շնչած օդը), ստացած աշխատավարձը, կյանքի բավարար կենսամակարդակը, արդարության զգացողությունը, հեռուստատեսությունը, մանկապարտեզը, լվացքի մեքենայի անխափան աշխատանքը, սիմպատիան, երջանկությունը, էմպատիան ու նման լիքը իրարից հեռու ու մոտ հանգամանքներ, հատկանիշներ, առարկաներ և երևույթներ: Այս ամենը մեր միջավայրն է՝ մեր առօրյան: 7 մետրանոց թվարկությանս նպատակն է խոսել այն մասին, որ մարդկանց մտածողության և գործողության տարբերությունների և դրսևորումների պատճառը մարդու կյանքում տեղի ունեցող իրողությունների ակնհայտ, երբեմն էլ աննկատ ազդեցությունն է մարդու տեսակետների, մշակույթի ձևավորման և աշխարհայացքի նկատմամբ: Այսինքն՝ եթե ես ծնվում եմ Աֆրիկայում, որտեղ մարդկանց մոտ ընդունված է տկլոր լինելը, կենդանիներին հում-հում ուտելը և որպես դեսերտ հանիբալիզմը, ապա դա նորմա է իմ միջավայրում: Եթե ես ապրում եմ Բրիտանիայում, որտեղ ընդունված է արիստոկրատ լինելը, գեղեցիկ անգլերենով խոսելը, որտեղ մշտական անձրևներ են տեղում, զբոսաշրջիկները շատ են, ապա նորմա է այս միջավայրում լինելը արիստոկրատ, փափուկ և սպիտակ մաշկ ունենալը, այլ մշակույթներին հարելը, իսկ եթե ես բրիտանացի եմ, ով ունի վերոգրյալ միջավայրը և այդ ամենին գումարած ընտանիք, 4 երեխա, կիսադատարկ սառնարան, աղմկոտ հարևաններ, ապա իմ միջավայրին համապատասխան նորմա է, երբ արիստոկրատ միջավայրում կարող եմ չլինել արիստոկրատ, կարող եմ անընդմեջ բողոքել Բրիտանիայի անհետաքրքիր, անգույն լինելուց, զբոսաշրջիկների աղմուկի ու անցուդարձի հոգնեցնող լինելու մասին պատկերացումներիցս, եթե այդ ամենին գումարենք աշխատանքի բացակայությունը, կփոխվի վերաբերմունքը, եթե այդ ամենից հանենք ինչ-որ բան էլի կփոխվի վերաբերմունքը, սակայն իրականում բոլոր դեպքերում իրավիճակը նույնն է փոխվում է միային իրավիճակի նկատմամբ վերաբերմունքը կախված որոշ հանգամանքներից: Զբոսաշրջիկը մնում է զբոսաշրջիկ, բայց կախված մարդու միջավայրից մեկի վրա այն ազդում է (բացասականորեն), մյուսի համար ողջունելի է, բրիտանացին մնում է բրիտանացի, սակայն կախված միջավայրից մեկի համար տհաճ է և հոգնեցնող լինել այդպիսին, մյուսի համար՝ հաճելի է և պատվաբեր: Կարծում եմ խուճուճ օրինակներս փոքր-ինչ կուղղորդեն մտքերիս արտահայտումը: Ի նկատի ունեմ, որ մեր առօրրյայում եղած ամեն բան ազդում է մեզ վրա, որպեսզի մենք լավ կամ վատ վերաբերմունք ունենանք որևէ բանի նկատմամբ, լինի դա նյութական, լինի դա երևույթային բան՝ սկսած առարկաներից շարունակած եղանակով ու մեր շուրջը տեղի ունեցող իրադարձություններով: Ուրեմն սրա անունը դնում ենք՝ «միջավայր և միջավայրով պայմանավորված ընտրանք»: Իսկ հիմա անդրադառնամ տարբերություն հասկացությանը, հանդուրժողականությանը և ինչու է այն չարքաշ:

Մարդկանց տարբերություն ասելով ես հասկանում եմ մի քանի կարևոր բաներ և որպես այդպիսին այն բաժանում եմ մի քանի մասի.

  1. Երբ միևնույն միջավայրի մարդիկ միևնույն բանի նկատմամբ ունեն տարբեր հայացքներ կամ միևնույն միջավայրի մադրիկ տարբեր բաների նկատմամբ ունեն միևնույն հայացքներ, օրինակ ես և իմ համադասարանցին միշտ միասին ենք, ապրում ենք սոցիալական և տնտեսական միևնույն պայմաններում, ընտանիքներում մեր նկատմամբ վերաբերմունքը նույնն է, ընկերս զիջում է մեծերին ավտոբուսում իսկ ես չեմ զիջում կամ ընկերս նախընտրում է պատերազմով հարցերը լուծել, ես նախընտրում եմ՝ խաղաղությամբ՝ առանց կոնֆլիկտների:
  2. Երբ տարբեր միջավայրի մարդիկ միևնույն բանի նկատմամբ ունեն տարբեր հայացքներ կամ տարբեր միջավայրի մարդիկ տարբեր բաների նկատմամբ ունեն միևնույն հայացքներ, օրինակ՝ ես և դանիացի իմ տարիքակիցը, նա սովորել է միջազգային դպրոցում, ապրում է Դանիայի հարուստների թաղամասում, տիրապետում է 4 լեզվի, հաճախում է լողի, հեծանիվի ու ընտանիքի միակ զավակն է, և ես, ով ապրում է Հայաստանում, սովորում է միջնակարգ դպրոցում, տիրապետում է երկու լեզվի, հաճախում է գեղասահքի ու ընտանիքի երրորդ զավակն է։ Դանիացի տարիքակիցս զիջում է մեծերին ավտոբուսում իսկ ես չեմ զիջում:
  3. Երբ միևնույն բանը մարդկանց համար լրիվ տարբեր նշանակություններ ունի, օրինակ՝ բժիշկ հասկացության նկատմամբ իմ պատկերացումն է ներարկիչի ասեղը, դիմակը, անհասկանալի տերմինները, հիվանդությունները, վիրահատությունները, արյունը իսկ մեկ ուրիշի համար՝ բուժումը, հույսը, օգնությունը, մաքուր շորերը, ակնոցը, խորհուրդը, առողջ ապրելակերպը:
  4. Երբ միևնույն բանի նկատմամբ կան նույն մոտեցումները, բայց տարբեր ասպեկտներից, օրինակ հարգանքը ուսուցչի նկատմամբ, ես հարգում եմ ուսուցչին, քանի որ նա ոլորտի մասնագետ է, մանկավարժության փոձ ունի իսկ մեկ ուրիշը հարգում է ուսուցչին, որովհետև նա գտնվում է ուսուցչի վերահսկողության տակ, պարտավոր է պահպանել որոշակի կանոններ և ունի պարտականություններ:
Եթե փոքր-ինչ շատ խորանանք հասկացության նկատմամբ պատկերացումների, ասցիացիաների, թեզաորուսների և փիլիսոփայության մեջ, ապա այս շարքը հնարավոր է է՛լ ավելի ընդարձակել, բայց կարծում եմ՝ այսքանն էլ բավական է մտքիս հետագա ընթացքի համար:

Քանի որ հոդվածի սկզբում արդեն նշել եմ մարդկանց ֆանտաստիկ տարբեր լինելու մասին, խոսել եմ, թե տարբեր լինելու ինչպիսի ձևեր եմ տարանջատում և այն մասին, թե ինչպես է ձևավորրված միջավայրը մարդկանց դարձնում տարբեր միմյանցից, հիմա կխոսեմ այն մասին, թե ինչպիսին է վերջիններիս վերաբերմունքը միմյանց նկատմամբ, երբ իրենք տարբեր են մտածում ու գործում:

Գոյություն ունի միջավայրերի կարգավորման և վերաբերմունքի ունիվերսալացման մեխանիզմներ, որոնցից մեկը հանդուրժողականությունն է, այսինքն՝ հանդուրժողականության գերակայության դեպքում տարբեր միջավայրի մարդիկ վերաբերմունքային մակարդակում դրսևորվում են ադապտատիվ և ապրումակցային մոտեցումներ: Օրինակ՝ եթե ես աֆրիկացի եմ, սևամորթ եմ, հագնում եմ ծղոտից շորեր և բուրում եմ իսկ դու տիպիկ գերմանացի ես, «պունկտուալ։))», գործնական և մաքրասեր, ապա մեր հանդիպումը Նյու-Յորքի մետրոյի կայարաններից մեկի վագոնում կընթանա առանց խնդիրների և կոնֆլիկտների, առանց թարս ու շիտակ հայացքների: Սրա անունը հանդուրժողականություն է և այն ունի երկու զարգացում, դու՝ գերմանացիդ կարող ես ամեն անգամ ինձ՝ աֆրիկացուս հանդիպել նույն վագոնում և հանդուրժել, չնայած որ կողք-կողքի ենք կանգնած և տարածքի բացակայության պայմաններում երբեմն քսմսվում ենք իրար ու դու կարող ես ադապտանալ այս իրավիճակին, և եկրորդ դեպքում, մի օր դու կդադարես հանդուրժել այս իրավիճակը, կոնֆլիկտի կհրահրես, կվիրավորես ինձ ու ծաղրի առարկա կդարձնես:

Հանդուրժողականության պայմանի երաշխավորման համար շատ կարևոր է հասկանալն այլ կերպ մտածող կամ այլ կերպ գործող մարդու միջավայրը, հասկանալ, թե ի՞նչն է իրեն դրդել այդ վերաբերմունքին, ինչո՞ւ է ինքն այդպիսին և արդյո՞ք նրա միջավայրի տեսանկյունից դիտարկելու դեպքում արդարացի չէ իր դիրքորոշումն ու վերաբերմունքը: Բոլորս էլ կյանքում հայտնվում ենք իրավիճակներում, որտեղ փոքրամասնություն ենք, ուղղակի որոշների դեպքում դա պայմանական է և ժամանակավոր, դրա համար էլ չեն նկատում անհանդուրժողականության ծանրությունը իսկ որոշների մոտ այն ցկյանս է՝ պայմանավորված կյանքի տևողությամբ: Բերեմ երկու օրինակ կապված վերոգրյալի հետ: Առաջին դեպքում, երբ դասարանը քննարկում է էքսկուրսիայի ենթակա օբյեկտը, բոլորը ցանկանում են այցելել Օշական իսկ դու՝ Գառնիի հեթանոսական տաճար և այդպիսով ուշադրություն չեն դարձնում քո առաջարկած տարբերակին, քննադատում են, չեն ուզում լսել պատճառներն ու լռեցնում եմ: Սա պայմանական և ժամանակավոր անհանդուրժողականությունն է մարդու նկատմամբ: Երկրորդ դեպքում, երբ դու այլ կրոնի դավանող ես և ամեն օր անհանդուրժողականության իրավիճակների ես հանդիպում, երբ քեզ ծաղրում են, երբ ստիպված ես ինչ-որ բան անել, ինչը դեմ է քո հավատքին: Սա ամբողջ կյանքի ընթացքում տեղի ունեցող անհանդուրժողականության տեսակ է:

Այս կոնտեքստում շատ կարևոր է դիտարկել նաև անհանդուրժողականության հիմքը, շատերի համար այն քիչ կարևոր հանգամանք է կախված իրավիճակից, շատերի համար էլ կարևոր: Օրինակ՝ ես կարող եմ նույն վերաբերմունքը չունենալ ինչ-որ բանի նկատմամբ հեղափոխությունից առաջ և հետո, կրոնափոխությունից առաջ և հետո:

Շատերի համար հանդուրժողականությունն ուղղակի լռելն է, շատերի համար դիմացինին օգնելը, երբ մյուսները չեն լռում, շատերի համար հանդուրժողականութնունը անտարբերություն է, շատերի համար լոկ բառ, սակայն յուրաքանչյուր բառի նկատմամբ վերաբերմունքի դրսևորումը կախված է մեր կողմից դրան կարևորություն տալով և ուշադրության առանձնահատուկ կենտրոնացմամբ: Իմաստավորելով մեր նման մարդկանց մեզանից տարբերվելը քայլ ենք անում դեպի բազմակարծություն: Երբեմն մտածում եմ ի՞նչ կլիներ, եթե թութակներն անհանդուրժող լինեին մեկը մյուսի գունավոր փետուրների նկատմամբ, զեբրերը սևը սպիտակի կամ սպիատկը սևի վրա լինելու հանգամանքի նկատմամբ, գորտերը մեկը մյուսի թռիչքի երկարության նկատմամբ, մողեսները մեկը մյուսի պոչ չունենալու հանգամանքի նկատմամբ, միասեռ բջիջները երկսեռների նկատմամբ: Բնությունից շատ բան ունենք սովորելու, չնայած որ բնության մասն ենք կազմում, բայց դա էլ է վտանգի տակ, քանի որ այն կենդանատեսակները, որոնք ժամանակին չեն ցուցաբերել հանդուրժողականություն նույնիսկ նույն տեսակի նկատմամբ վաղուց արդեն գոյություն չունեն և հնէաբանների ուսումնասիրության առարկա են՝ դինոզավրերի տեսքով: Հուսամ մենք այդ ցանկում ենք չենք հայտնվի, քանի որ կյանքի բնականոն ընթացքը փոխներգործուն, շղթայական ու ցիկլիկ ընթացքի մեջ է: Բնությունից շատ բան ունենք սովորելու…

Հոդվածի հեղինակ՝
Ալեքսանդր Մարտիրոսյան
Իմ բլոգին բաժանորդագրվելու համար մուտքագրեք ձեր էլեկտրոնային փոստը։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website