Արդյո՞ք հայրական ապտակը
բռնություն է երեխայի նկատմամբ
Վերջերս Հայաստանում քննարկումների առարկա դարձած «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը առիթ հանդիսացավ, որպեսզի կիսվեմ գաղափարական այն կարևոր առանձնահատկությունների մասին, որոնք կարելի է կապել «հայրական ապտակ» հասկացության հետ, ինչպես իրավական, այնպես էլ բարոյական տեսանկյուններից:

Իրավական
«Երեխաների իրավունքների մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիայի, «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքի համաձայն ֆիզիկական ձևով դրսևորվող ցանկացած ճնշում համարվում է բռնություն երեխայի նկատմամբ: Այդ նույն օրենքների համաձայն երեխա է համարվում 18 տարին չլրացած անձը: Այս տեսանկյունից մենք գործ ունենք ոչ միայն ընտանիքում տեղի ունեցող բռնության դեպքերի հետ, այլև նախակրթարաններում, մանկապարտեզներում, դպրոցներում և քոլեջներում տեղի ունեցող այն դեպքերը, որոնց ժամանակ երեխաները ենթարկվում են բռնության:

Բարոյական
Երբ հարցը քննարկում ենք բարոյականության տեսանկյունից, հասկանալի է դառնում, որ այստեղ գործ ունենք առավել բարդ և խորը երևույթի հետ, որը կոչվում է արժանապատվություն: Չնայած այն հանգամանքին, որ այս կոնտեքստում ես արժանապատվությունը քննարկում եմ բարոյականության տեսանկյունից, այդուհանդերձ պետք է նշեմ, որ այս հասկացությունը կիրառվում է նաև իրավական համակարգում, որտեղ ասվում է, որ արժանապատվությունը մարդու բարձրագույն արժեքներից է, որով օժտված են բոլոր մարդիկ, անկախ սեռից, ռասայից, կրոնական և ազգային պատկանելությունից: Փաստացի ստացվում է այնպես, որ երեխային «հայրական ապտակը» հասցվում է սաստելու, դաստիարակելու և կատարած «սխալ» արարքի համար, մինչդեռ զուգահեռաբար ոչ մեկը նույն տրամաբանությամբ չի «պատժում» մեծահասակին իր կողմից կատարած «սխալ» արաքի կամ վերադաստիարակման նպատակով: Եվ այստեղ հարց է առաջանում. եթե ըստ ձեզ նորմալ չէ, որ տնօրենը ձեզ ապտակի աշխատավայրում սխալ լրացված փաստաթղթի համար, ապա ինպե՞ս կարող է ուսուցիչը խփել երեխային ջնջում անելու համար, եթե ձեզ համար նորմալ չէ, որ ձեր թոշակառու ծնողները կարող են ձեզ ապտակել կոտրած բաժակի համար, ապա որքանո՞վ է տրամաբանական, որ դուք հենց այդ նույն պատճառով որոշում եք ապտակել ձեր երեխային, եթե ձեզ համար նորմալ է, որ կարող եք չուտել այս կամ այն սնունդը, գնալ այս կամ այն վայրը, և դրա համար ձեզ ոչ ոք չի պատժում, ապա ինչպե՞ս կարող եք ինքներդ նույն պատճառով՝ պատժել երեխային: Գուցե ձեզանից շատերը այս հարցերի պատասխաններն ունեն գրպանում պահած, բայց դժվար չէ կատարել եզրակացություններ՝ ելնելով մեր առօրյայում եղած օրինակներից: Ստացվում է այնպես, որ երեխաներն ավելի քիչ ունեն արժանապատվություն և ինքնասիրություն, քան մեծահասակները, որի համար արժե երեխաներին ապտակել: Ուզում եմ, որ ընթերցողն ինքը պատկերացնի, թե ի՞նչ կզգա նա, եթե իրեն վիրավորեն և ապտակեն կամ ուղղակի խփեն: Ուզում եմ, որ ընթերցողը վերհիշի, թե քանի՞ անգամ է պատժվել տեղին և անտեղի, և որ ինչ էլ որ եղած լիներ, դա չէր արդարացնում այն «դնգստոցը», որը նա կերել է մեծերի կողմից:

«Հիմա ծեծեմ, մի երկու ապտակ հասցնեմ, ոչինչ թող նեղանա, վաղը կմոռանա, բայց գոնե գիտեմ, որ հետո լավ մարդ կմեծանա» պատճառաբանությունն էլ ինքնախաբեություն է, որպեսզի մարդիկ չճնշվեն սեփական խղճի զգացումից:

Երևույթի վերաբերյալ մտածողությունը
Դաստիրակության մեթոդները բազում են, բայց բռնության մեթոդը դատապարտվել է դեռ Արիստոտելի ժամանակներից մինչ օրերս՝ արդեն իրավական մակարդակում: Խնդրի էությունը կայանում է նրանում, որ բռնության մթնոլորտում, երբ չկա համապատասխան ռեակցիա և արձագանք, այն նորմավորվում է ու ստանդարտիզացվում՝ որպես մտածողության և գործողության ձև: Նման մթնոլորտում չի առաջանում որևէ հակասություն, որովհետև վախի թելադրանքը գալիս է հաստատելու բռնության նորմավորվածությունը: Ավելի պարզ, օրինակով՝

Երեխայի աչքերով / Երեխան ուտում է իր չսիրած սնունդը, որովհետև վախենում է, որ չուտելու դեպքում կենթարկվի բռնության: Երեխան գիտի, որ բռնությունը դա նորմալ է, երբ ինքը անում է մի բան, որն ուղղակի «չի կարելի» կամ չի անում այն բանը, որը «պետք է» անի:

Մեծահասակի աչքերով / Քանի, որ երեխան մեկ անգամ ճնշվել է իր կողմից սնունդը չուտելու համար, իսկ հետո սկսել է ուտել, հետևաբար ծեծը/բռնությունը/«հայրական ապտակը» շատ լավ մեթոդ է երեխային դաստիարակելու համար, որովհետև աշխատում է:

Խնդիրն իրականում / Երեխան չի «դաստիարկվել», որովհետև իր արարքը պայմանավորված է վախի թելադրանքով, քանի որ վերջինիս մոտ նորմավորված է բռնությունը որպես երևույթ: Այս պատճառով է առաջ գալիս «Արգելված պտուղը քաղցր է» մոտցեումը, որովհետև մեծահասակի բացակայության դեպքում, երբ չկա վախի մթնոլորտը, երեխան ուտում է այն, ինչն իր քիմքին հաճելի է:

Իհարկե, այս օրինակը լի է բացառություններով, սակայն սրա փոխարեն կարող էր լինել հազար ու մեկ այլ օրինակ, որտեղ բացառություններ քիչ կլինեն: Սակայն խնդիրն այն է, որ ընտանիքում, դասարանում և շրջապատում նման մոտեցումները նորմավորում են երևույթը և այդ տրամաբանության հաջորդական հետևանքը լինում է այն, որ շենքի բակում մեծ երեխան խփում է փոքրին, ուսուցիչը խփում է երեխային մյուսներին ցույց տալու համար իր կարողությունները վախի միջավայր ստեղծելու և իր կամքը թելդրելու նպատակով: Արդյունքում ոչ մեկի չի անհանգստացնում այս հարցը, քանի որ բռնությունը նորմավորված է և որպես մտածողությն ձև ստանդարտիզացված է շրջապատում մյուս մարդկանց համար՝ որպես «դաստիարակելու» մեթոդ: Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված է «Բռնությունը բռնություն է ծնում» մտքի գաղափարը:

Հավանական հետևանքներ՝
  • Գաղտնիք չէ, որ բռնության պայմաններում մեծացած երեխաները նույնպես հակված են բռնություն գործադրելու:
  • Երեխայի մոտ առաջանում է ագրեսիա, որն ավելի ուշ դրսևորվում է այն երեխաների վրա, ովքեր ավելի թույլ են: Ահա թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ «անսանձ» երեխաներին «սանձել» /դաստիարակել/ հնարավոր չէ:
  • Երեխայի մոտ առաջանում է հակում կոնֆլիկտներին, տես՝ լատենտ հասկացության սահմանումը:

Դաստիարակել

Երեխաներին պետք է դաստիարակել բառի բուն իմաստներով՝

1. Կրթել, որոշ հմտություններ՝ վարքուբարքի կանոններ ու գիտելիքներ սովորեցնել:
2. Մտքերի ու զգացումների զարգացման որոշ ուղղություն տալ:
3. Վարժեցնել, ընտելացնել:

Ի հավելումն այս ամենի, պետք է նշեմ, որ դաստիարակելու լավագույն մեթոդներից մեկը՝ բացատրելն է, թե ինչո՞ւ է այսինչ բանը լավ կամ ինչո՞ւ է այնինչ բանը վատ:

Իսկ մեծահասակներին պետք է սովորեցնել, որ երխաներին դաստիարակելու համար, կարիք չկա նրանց արժանապատվությանը կպնել, որովհետև այդպիսով երեխաները կորցնում են իրենց արժանապատվությունն ու արժեզրկվում են, խղճահարության ու ծիծաղի առարկա են դառնում հասարակության աչքերում, որովհետև հասարակությունը տեսնում է, որ այդ նույն երեխան գնահատված և արժեվորված չէ սեփական ծնողների կողմից:
Ակնկալում եմ ընթերցողի հետադարձ կապը, որպեսզի մյուս հոդվածում քննարկենք՝ ինչպե՞ս վերադաստիարակել մեծերին, որպեսզի դաստիարակեն երեխաներին:


Հոդվածի հեղինակ՝
Ալեքսանդր Մարտիրոսյան
Իմ բլոգին բաժանորդագրվելու համար մուտքագրեք ձեր էլեկտրոնային փոստը։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website